ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»

«Կոմիտասն ասում է` մեր քաղաքակրթությունը գտա մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ»
27.09.2013 | 12:29

Երբ ասում ենք Կոմիտաս, հասկանում ենք Արևելյան և Արևմտյան Հայաստանի 1000-ամյակների ամբողջ մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մինչ այդ ասվում էր` մենք եղել ենք հին ազգ, մեծ ազգ, մենք ունեցել ենք մեր ոգին: Միայն ասվում էր: Այդ տարիներին հայերն իրենց ազգանունը փոխում էին, դնում Հայկունի, Ամատունի, ասում էին, որ իրենք հայկական այդ տոհմերի շարունակությունն են և երգում էին հայրենասիրական երգեր` ռուսական ռոմանսներով, չգիտեին անգամ՝ որն է հայկական երգը: Կոմիտասը բերեց այն, ինչը համարյա հնարավոր է ձեռքով բռնել` հենց այդ ոգին: Այնտեղ կային Հայաստանի աշխարհագրությունը, ամբողջ հայ աշխարհը, որովհետև այդ երգերը արտահայտում էին պատմական բոլոր ժամանակները, մեր լեռները, երկինքը, այն չքնաղ հայրենիքը, որ մենք ունեցել ենք և մեծ մասը կորցրել: Պոլսի թերթերը գրում էին` մենք վերջապես ճանաչում ենք մեզ և անմիջապես ենք ճանաչում»,- ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։

«Արարէ» հայագիտական հիմնադրամի, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» ՀԿ-ի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համահայկական երիտասարդական կենտրոնի նախաձեռնած «Ճանաչել իմաստություն» ծրագրի 53-րդ հանդիպուման ժամանակ, որը նվիրված էր Կոմիտասին: Նա նաև ընդգծեց, որ խոսքը միայն երգի մասին չէ, այլև տիեզերական օրենքների, որ արտահայտում է տվյալ ժողովրդի էությունը:
«Հիմա, երբ ես գնում եմ Եվրոպա՝ դասախոսության, ինչպե՞ս եվրոպացուն բացատրեմ` ինչ է մեզ համար «Ակնա օրորը»,- ասաց Ա. Շահնազարյանը:- Հայ մայրը, երբ երգում էր օրորը, հավատում էր, որ դա լսել է արևից, որ արևը երգել է իր մանկան համար, և դա լսել է մի մայր, որ գնացել է արևի մոտ` իր երեխայի համար կյանք խնդրելու: Ժողովրդի միֆոլոգիան գալիս է շատ հնուց: Հեռավոր արևի ձայնը կա մեր բոլոր երգերում»:
Հայ ժողովրդի ողջ էությունն է արտահայտվում կոմիտասյան երգերում. կան աշխատանքի երգեր, սիրո, ռազմական, էպիկական, պարային` աշխույժ, դանդաղ: Կոմիտասը 3000 երգ և պարեղանակ է գրառել, որոնցից պահպանվել են մոտ 1500-ը, հնչել են մոտ 300-ը: 1200 նմուշ մինչ օրս որևէ տեղ չի հնչել, դրանք թղթի վրա են:
Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաև հայկական նոտագրությանը: Մեր եկեղեցական երաժշտությունը պահպանվել էր խազերով, բայց շուրջ 400 տարի խազերի բանալին կորած էր: Այդ երգերը հիշողությամբ են երգել և, իհարկե, աղավաղումներ են եղել: Կոմիտասը 20 տարի զբաղվում է խազերի ուսումնասիրությամբ և վերծանում «պարզ խազերը»:
«Հնում և միջնադարում չկար առանձին «երաժիշտ» հասկացություն, կային երաժիշտ փիլիսոփաներ, և երաժշտությունը բացատրվում էր տիեզերական օրենքներով,- ասաց բանախոսը:- 7 ձայները 7 լուսատուներն էին, 12 եղանակները` 12 համաստեղությունները, ամեն լադ համապատասխանում էր մարդու մարմնի որևէ մասին և այլն: Դրա համար Կոմիտասն ասում էր` խազերով զբաղվելու համար պետք է աստղաբաշխություն իմանալ, տիեզերագիտություն, ամբողջ հին մշակույթը»:
Երբ Կոմիտասին տեղափոխում են հոգեբուժարան, նրա ձեռագրերը տարբեր պատճառներով արդեն ցրված էին այս ու այն կողմ: Այդ ձեռագրերի հայտնաբերման գործը շարունակվում է մինչ օրս: Կորած էին համարվում հարյուրավոր երգեր, գիտական աշխատությունների հատվածներ, նաև Կոմիտասի խազաբանական ձեռագրերը, խազերի բանալու գյուտը: Ա. Շահնազարյանն այդ ձեռագրերը ի մի է բերել և 2001-ին հրատարակել իր «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքում:
Կոմիտասը ոչ միայն փրկում է մեր ամբողջ մշակույթը, այլև ստեղծում ներդաշնակության նոր համակարգ (աշխարհում կար միայն դասական երաժշտության համակարգը` դասական հարմոնիան): «Նա ստեղծեց բոլորովին նոր հարմոնիա, մենք ունեցանք մեր մտածողությունը»,- ասաց Ա. Շահնազարյանը և նշեց, որ խոսքը ոչ թե երաժշտական կառույցի մասին էր, այլ հայի մտածողության: Այնտեղ կան մեր ճարտարապետական օրենքները և մեր փիլիսոփայությունը: Այդ համակարգը կենտրոնաձիգ է, ոչ թե շղթայաձև` եվրոպականի նման: Այստեղից եզրակացնում են, որ մեր տոմարը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ներկայացնում են: Մեր տոմարը նման է մեր երաժշտության համակարգին, որտեղ չկա նոր տարի, կա կենտրոնում Տարի օր, որ դուրս է տարուց: Ամեն նոտա իր ամիսն ունի, դրա համար մենք ունենք 12 ամիս` յուրաքանչյուրը բաղկացած 30 օրից և 5 օր, այդ 5 օրը տարուց դուրս է համարվում, դա պետք է լինի գարնան և ձմեռվա կենտրոնում, այդ 5 օրվա կենտրոնի օրն էլ Տարի օրն է:
«Մայրություն, բարություն, սեր, խնամք, հավատարմություն. մարդկային պարզ հատկություններն են եղել և՛ տոմարում, և՛ երաժշտության մեջ, ամեն ինչի հիմքում, և երբ սա վերանա, նոր կհասկանան, թե ինչ են կորցրել,- նկատեց բանախոսը:- Ամերիկացի մի ծեր մարդ պատմում է, որ երբ ինքը մանուկ էր, Ամերիկայի գյուղերում մարդիկ օգնում էին իրար: Այնպես են անում, որ փլուզվի այդ համակարգը, ընդհուպ մարդ են սպանում, որովհետև մարդկային այդ պարզ համակարգը շատ «վտանգավոր» է չարի համար: Կոմիտասը մեր քաղաքակրթությունը գտավ մեր հեռու, խուլ գյուղերում, ձորերի մեջ, պարզ մարդկանց մեջ: Պոլսի թերթերը գրեցին` մենք սպասում էինք, որ մեր քաղաքակրթության տեսակը կգա ազնվականներից` վերևից, բայց գոմից, ցեխերից է գալիս: Մինչ այդ մտածում էին` չոբան է, հանկարծ հասկացան` չոբան չէ, իրենց եղբայրն է, մի հսկա քաղաքակրթություն պահած-անտեսված մարդ-ժողովուրդ է, հին, բնիկ ժողովուրդ, այդ հողից ծնված»:
Արթուր Շահնազարյանն իր խոսքը եզրափակեց հայտնի մանրապատումով, որ վերաբերում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության շրջանին: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս հնագետին ասում է, որ թանկագին հնություն ունի: Հինգերորդ դարի` փորձում է գուշակել հնագետը: Կաթողիկոսն ասում է` դրանից էլ հին, Քրիստոսից էլ հին, Մովսեսից էլ հին: Դա իմ ազգն է: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար կամ առարկա եք փնտրում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ